AEPLAC V ՓՈՒԼ

Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի 5-րդ փուլի ծրագիրը գործառնում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակներում, որոնք 1999 թ-ից կարգավորվում են Գործընկերության և համագործակցության համաձայնագրով (ԳՀՀ): Վերջին տարիներին ԳՀՀ պայմանադիր իրավահարաբերություն-ների շրջանակը հարստացվել է  Եվրոպական հարևանության քաղաքականությամբ (ԵՀՔ) և Արևելյան գործընկերություն (ԱԳ) նախաձեռնությամբ: 

AEPLAC-ի 5-րդ փուլի ընթացքում կենտրոնի ջանքերն ուղղված կլինեն ԵՄ և Հայաստանի միջև կնքված ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման մեջ ներգրավված հայաստանյան կառույցների կարողությունների զարգացմանը: AEPLAC-ը V-ը կխթանի նաև հասարակության շրջանում Եվրոպական միության և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի լուսաբանումը' համագործակցելով Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի հետ:

Սեմինարներ

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. Ի°ՆՉ Է ԱՅՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ  ՆՇԱՆԱԿՈՒՄ. Կարողությունների զարգացման II սեմինար

Ս.թ. հունիսի 26-ին Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC), Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՄ Խորհրդատվական խմբի հետ համատեղ լրագրողների համար կազմակերպեց «Արևելյան գործընկերություն. ի°նչ է այն իրականում նշանակում» թեմայով 2-րդ սեմինարը:

Երկրորդ սեմինարը հիմնավոր գիտելիքներ տրամադրեց Արևելյան գործընկերության երեք հիմնական ոլորտների վերաբերյալ' քաղաքական երկխոսություն, տնտեսական ինտեգրում և շփում մարդկանց միջև: Մասնակիցներին տրամադրվեց նաև խորհրդատվություն առաջարկվող կոնկրետ ոլորտների վերաբերյալ լրագրողական նյութերի մշակման հարցում: Բանախոսները համատեղ վերլուծեցին նաև լրագրողների կողմից առաջին սեմինարի արդյունքում պատրաստված հոդվածները: Արդյունքում, մասնակիցները մշակեցին ապագա նյութերի կառուցվածքն ու հիմնական թեզիսները, որոնք հետագայում կամփոփվեն համապատասխան կառույցներ այցելությունների արդյունքում:

Այս միջոցառումը կազմում է ԵՄ և Հայաստան-Եվրամիություն  հարաբերությունները լուսաբանող հայաստանյան լրագրողների կարողությունների զարգացման համապարփակ ծրագրի մաս: Ծրագիրը ներառում է 2 կարողությունների զարգացման սեմինար, այցելություն համապատասխան հայաստանյան կառույցներ, ուսումնական այցելություն ԵՄ որևէ երկիր, ինչպես նաև ցանցային համագործակցություն:

Առաջին սեմինարը, որը տեղի ունեցավ հունիսի 5-6-ը Ծաղկաձորում, նվիրված էր Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-Եվրամիություն համագործակցության ընդհանուր ոլորտներին ու Հայաստանի վրա դրանց ազդեցության գնահատմանը, ինչպես նաև Եվրոպական միությունն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունները մամուլում ներկայանալի դարձնելու ուղիների և լրագրողական նյութերի մշակման հմտությունների ներկայացմանը:

 

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. Ի°ՆՉ Է ԱՅՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՈՒՄ

AEPLAC-ը, Կովկասի ինստիտուտի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՄ ԽԽ հետ համատեղ հունիսի 5-6-ը կազմակերպեց կարողությունների զարգացման սեմինար լրագրողների համար «Արևելյան գործընկերություն. ի°նչ է այն իրականում նշանակում» թեմայով:

Սեմինարի նպատակն է զարգացնել հայաստանյան լրագրողների կարողությունները ԵՄ և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի, հատկապես Արևելյան գործընկերության վերաբերյալ նյութերի պատրաստման հեռանկարով:

Սեմինարը վարում էին ԵՄ և հայաստանյան լրագրողներ, փորձագետներ ու խորհրդատուներ: Սեմինարի արդյունքում մասնակիցները փորձառու լրագրողների աջակցությամբ պատրաստեցին նյութեր, որոնք հետագայում կգնահատվեն դասընթացավար-փորձագետների կողմից:

Եվրամիության խորհուրդը 2010թ. մայիսի 10-ին որոշում կայացրեց ԵՄ և Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի միջև Ասոցիացման համաձայնագրերի կնքման շուրջ բանակցություններ սկսելու մասին: Արևելյան գործընկերության համատեքստում Ասոցիացման համաձայնագիրը այն կարևոր գործիքն է, որը  ԵՄ հետ հարաբերությունները  առկա հանձնառություններից տեղափոխում է որակական նոր մակարդակ' միտված ԵՄ հետ քաղաքական ասոցիացմանն ու աստիճանական տնտեսական ինտեգրմանը: Խորհրդի որոշումը Եվրամիության և Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների խորացման ԵՄ հանձնառության ակնհայտ վկայությունն է:  Այն, միանշանակ, ենթադրում է գործընկեր երկրների ակտիվ ներգրավում հարաբերությունների ամրապնդման գործում ընդհանուր արժեքների հիման վրա' ուղեկցելով այն ընդարձակ քաղաքական ու տնտեսական բարեփոխումներով, կառավարման համախմբմամբ և տարածաշրջանային կայունության ամրապնդմամբ, ինչպես նաև բարեկեցության ապահովմամբ և վստահության մթնոլորտի ձևավորմամբ:

 Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ հարաբերություններում առաջընթացը կախված է ԵՄ, ընդհանուր առմամբ, նրա կառույցների ու օրենսդրության վերաբերյալ Հայաստանի հանրային իրազեկության մակարդակից և Եվրոպայի ու հայ-եվրոպական հարաբերությունների ընդլայնման մասին հասարակության վերաբերմունքից: ԶԼՄ-ները որոշիչ դեր են խաղում ոչ միայն հանրության շրջանում իրազեկության բարձրացման, այլ նաև քաղաքացիների ձայնն առավել ծանրակշիռ դարձնելու հարցում և´ իրենց ամենօրյա աշխատանքում, և´ քաղաքական վերնախավի ստանձնած պարտավորությունների կատարման ստուգադիտարկման ընթացքում: Ավելին, նրանք հանդես են գալիս որպես տեղեկատվական «բրոքերներ»' նպաստելով հանրային քննարկումների կայացմանը' այդպիսով բոլոր դերակատարներին հաշվետու դարձնելով քաղաքացիական մասնակցության խրախուսման շնորհիվ:

Սեմինարը հանդիսանում էր ԵՄ և Հայաստան-Եվրամիություն  հարաբերությունները լուսաբանող հայաստանյան լրագրողների կարողությունների զարգացման համապարփակ ծրագրի բաղկացուցիչ մաս: Ծրագիրը ներառում է 2 կարողությունների զարգացման սեմինար, այցելություն համապատասխան հայաստանյան կառույցներ, ուսումնական այցելություն ԵՄ որևէ երկիր, ինչպես նաև ցանցային համագործակցություն:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՈՏԱՐԿՈՒՄ ԵՄ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻՆ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ

AEPLAC-ը, Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի հետ համատեղ ս.թ. մայիսի 13-15-ը կազմակերպեց Հայաստանի տեխնիկական կանոնակարգերի և ստանդարդների' ԵՄ կանոնակարգերին և ստանդարտներին մոտարկման վերաբերյալ սեմինար ՀՀ նախարարությունների և մասնագիտացված հաստատությունների համար' Հայաստան-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ հնարավոր բանակցային գործընթացում առևտրի տեխնիկական խոչընդոտների և սանիտարական և բուսասանիտարական ոլորտներին վերաբերվող քննարկումներին ներգրավվելու նպատակով:

Հայաստանի Հանրապետությունը և Եվրամիությունը քննարկում են Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) հնարավոր բանակցային գործընթացի մեկնարկի հնարավորությունները: Այս համատեքստում, առևտրի տեխնիկական խոչընդոտները (ԱՏԽ) և սանիտարական ու բուսասանիտարական կանոնակարգերը (ՍԲՍ) ճանաչվել են որպես առաջնահերթ ոլորտներ, որոնցում Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջընթաց ցուցաբերի' օրենսդրության մոտարկման և վարչարարական կարողությունների զարգացման հարցում: Նման առաջընթացի գրանցելու համար Հայաստանի Հանրապետության նախարարությունները և մասնագիտացված հաստատություններն ունեն ԵՄ կարգավորող մոտեցումների և փորձի մասին ամբողջական գիտելիքների կարիք: Սեմինարը հիմնականում ուղղված էր այդ պահանջի բավարարմանը: Այն միտված էր տեղեկություններ տրամադրել ԽՀԱԱՀ-ի ԱՏԽ և ՍԲՍ խնդիրների, ԵՄ օրինաստեղծ գործունեության և ԵՄ տեխնիկական կանոնակարգերի ու ստանդարտների վերաբերյալ, ինչպես նաև աջակցել ԽՀԱԱՀ-ին ուղղությամբ հայաստանյան հաստատությունների կողմից ձեռնարկված և ծրագրված քայլերի մասին տեղեկատվության փոխանակմանը: Սեմինարի հիմնական նպատակներն էին'

-        բարձրացնել այն պաշտոնյաների իրազեկությունը, ովքեր ԵՄ-ի հետ ԽՀԱԱՀ-ի շուրջ հետագա հնարավոր  բանակցությունների ժամանակ պատասխանատու կլինեն ԱՏԽ-ին և ՍԲՍ-ին վերաբերվող ոլորտներում բանակցման համար:

-        ստեղծել միասնական ըմբռնում ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի դերի վերաբերյալ, որոնք ներկայացնում են պարենային և ոչ պարենային ապրանքների նկատմամբ ԵՄ կարգավորող մոտեցումները:

-        նպաստել ներգրավված հայաստանյան կառույցների վարչարարական համագործակցությանը և համակարգմանը:

Թիրախային խմբի մեջ  էին մտնում կառավարական այն կառույցների պատասխանատուները և որոշում կայացնելու իրավասություն ունեցողները, որոնց գործունեությունը կապված է ԱՏԽ և ՍԲՍ ոլորտներին (Էկոնոմիկայի նախարարություն, Գյուղատնտեսության նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Առողջապահության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Քաղաքաշինության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Ստանդարտների ազգային ինստիտուտ, Չափագիտության ազգային ինստիտուտ, Էկոնոմիկայի նախարարությանն առընթեր հավատարմագրման գործակալություն և այլն):

 

ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

2010թ. ապրիլի 27-ին AEPLAC-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի և Համաշխարհային Բանկի հետ համատեղ կազմակերպեց սեմինար «Հայաստանի որակի ենթակառուցվածքներ. առկա իրավիճակը, հետագա կարիքները և անհրաժեշտ փոփոխությունները» խորագրով: Սեմինարին մասնակցում էին ներկայացուցիչներ Կառավարությունից, ՈԵ կառույցներից, փորձարկման լաբորատորիաներից, բիզնես համայնքից, հետազոտական կառույցներից, սպառողների իրավունքների պաշտպանության և բնապահպանական ՀԿ-ներից ու դոնոր կազմակերպություններից: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար պրն. Ներսես Երիցյանը, ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար պրն. Ռոլֆ Բյոնկեն և Համաշխարհային բանկի փորձագետ պրն. Ժան-Լուի Ռասինը:

Միջազգային դոնորների համակարգված գործողությունները նախաձեռնվել են 2009թ. հուլիսին' նկատի ունենալով Հայաստանում միջազգային, այդ թվում նաև ԵՄ չափանիշներին համապատասխանող և առևտրի ոլորտում տեխնիկական խոչընդոտները նվազեցնող որակի ենթակառուցվածքների ժամանակակից համակարգի ներդրման անհրաժեշտությունը:  Այդ ժամանակից ի վեր կազմակերպվել է իրազեկման սեմինար (AEPLAC-ի գլխավորությամբ), կազմվել է չափագրության գնահատման զեկույց, որը ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարությանը (ՀԲ և ԳՉԻ), մշակվել է բարեփոխման ճանապարհային քարտեզ (ԳՉԻ, ՀԲ, AEPLAC), հատկացվել են հավելյալ ռեսուրսներ' համապատասխան բարեփոխումների համար պահանջվող միջոցառումների վերաբերյալ բարձրորակ խորհրդատվություն տրամադրելու նպատակով (ԵՄ ԽԽ): Վերոհիշյալ ժամանակահատվածում ՀՀ պետական կառավարման մարմինների' նախևառաջ Էկոնոմիկայի նախարարության և դրան առընթեր մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև դոնորների միջև և ԵՄ պատվիրակության հետ անց են կացվել մի շարք հանդիպումներ' քննարկելու որակյալ ենթակառուցվածքների բարեփոխման ընթացքը: Ավելին, Համաշխարհային բանկի կողմից իրականացվել է Հայաստանում առկա իրավիճակի գնահատում, որի հիմնական արդյունքները ներկայացվեցին սեմինարի ընթացքում:

Որակի ենթակառուցվածքները կազմված են ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, փորձարկման, վկայագրման և ստուգման ծառայություններից: ԵՄ չափանիշներին  համապատասխանող միավորված ընթացակարգերի միջոցով Հայաստանի արտադրողների համար մուտքը դեպի այլ շուկաներ կդառնա ավելի դյուրին, իսկ արտասահմանյան ներդրումների ծավալը Հայաստանում կավելանա: Հայաստանի առևտրային հոսքերի և արտասահմանյան ներդրումների խթանման համար չափազանց կարևոր է որակի ենթակառուցվածքների համապատասխանեցումը միջազգային պահանջներին: "Այս ամենը բարենպաստ պայմաններ կստեղծի միջազգային առևտրում Հայաստանի մասնակցության, ինչպես նաև միջազգային մակարդակով գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության համար" ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար պրն Երիցյանը:

Որակի ենթակառուցվածքների արդյունավետ համակարգը իր ազդեցությունն է թողնում մարդկանց ամենօրյա կյանքի վրա: Սպառողներին տրամադրվող ճշգրիտ տեղեկությունները շուկայում առկա ապրանքների և ծառայությունների վերաբերյալ օգնում են բարելավել առողջական և  բնապահպանական պայմանները, ինչպես նաև պաշտպանել սեփականության իրավունքները:

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում որակի ենթակառուցվածքների իրավիճակի վերաբերյալ կատարած ուսումնասիրության արդյունքները, որոնք նպաստել են ԵՄ-Հայաստան ազատ առևտրի համաձայնագրի տեխնիկական պահանջների մասին քննարկումների անցկացմանը: Այս սեմինարին կհաջորդի աշխատանքային հանդիպում, որի ընթացքում կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ կմշակվի ռազմավարության նախագիծ: Այնուհետև, նախատեսվում է նաև իրականացնել կլոր սեղան - հանդիպում դոնոր կազմակերպությունների հետ' ՈԵ բարեփոխման համար անհրաժեշտ տեխնիկական աջակցության շուրջ:

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ 

Ս.թ. փետրվարի 2-ին Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի, Գերմանիայի չափագիտության ինստիտուտի (ԳՉԻ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ համագործակցաբար կազմակերպեց սեմինար «Ճանապարհային քարտեզ որակի ենթակառուցվածքների բարեփոխման համար» թեմայով: Դասընթացին մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Չափագիտության և Ստանդարտների ազգային ինստիտուտների, Հավատարմագրման գործակալության, Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այս սեմինարը կարևոր քայլ էր որակի ենթակառուցվածքների բարեփոխման գործընթացում միջազգային դոնորների' Հայաստանին համակարգված աջակցություն ցուցաբերելու ջանքերի համատեքստում: Որակի ենթակառուցվածքների բարեփոխման նպատակն է բարձրացնել Հայաստանի տնտեսության միջազգային մրցունակությունը և առաջընթաց գրանցել ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) ստորագրման գործում:

Միջազգային դոնորների համակարգված գործողությունները նախաձեռնվել են 2009թ. հուլիսին' նկատի ունենալով Հայաստանում միջազգային, այդ թվում նաև ԵՄ ստանդարտներին համապատասխանող և առևտրի ոլորտում տեխնիկական խոչընդոտները նվազեցնող որակի ենթակառուցվածքների ժամանակակից համակարգի ներդրման անհրաժեշտությունը:  Այդ ժամանակից ի վեր իրականացվել են մի շարք աշխատանքներ, ի մասնավորի' կազմակերպվել է իրազեկման սեմինար, կազմվել է չափագրության գնահատման զեկույց, որը ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարությանը, մշակվել է բարեփոխման ճանապարհային քարտեզ, հատկացվել են հավելյալ ռեսուրսներ' համապատասխան բարեփոխումների համար պահանջվող միջոցառումների վերաբերյալ բարձրորակ խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

Սեմինարի ընթացքում քննարկվեց որակի ենթակառուցվածքների բարեփոխման ճանապարհային քարտեզի նախագիծը, որով այս գործընթացում կառաջնորդվի ՀՀ կառավարությունը:

 

ՍԵՄԻՆԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԳԾ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դեկտեմբերի 8-9-ը Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC), Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) խորհրդատվական խմբի հետ համատեղ կազմակերպեց Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի (ԳԾ) կատարման ընթացքի մոնիտորինգի և հաշվետվություններ կազմելու վերաբերյալ սեմինար:

2009թ. մայսի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց ՆԿ68Ա կարգադրությունը՝ հաստատելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միություն միջև Եվրոպական հարևանության քաղաքականության 2009-2011թթ. գործողությունների ծրագրի (ՀՀ - ԵՄ ԵՀՔ ԳԾ) իրականացման ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկը: 40-ից ավելի նախարարություններ և գերատեսչություններ ներգրավված են ՀՀ-ԵՄ ԵՀՔ ԳԾ նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացում և հաշվետու են 197 միջոցառումների իրականացման համար: Իրականացված ծրագրերի և գործողությունների վերաբերյալ ՀՀ նախագահին և Եվրոպական միությանը ժամանակին և ըստ սահմանված կարգի տեղեկատվության տրամադրումն ապահովելու նպատակով մշակվել է հաշվետվությունների ներկայացման միասնական համակարգ, որը կփորձարկվի սեմինարի ընթացքում: Այդ նպատակով մշակվել են ՀՀ-ԵՄ ԵՀՔ ԳԾ մոնիտորինգի և հաշվետվությունների ներկայացման համակարգի հայեցակարգային դրույթները: Մշակված էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի նպատակն է աջակցել համապատասխան նախարարությունների և գերատեսխությունների պատասխանատու անձանց (ԵՀՔ  համակարգողներին) կատարման ընթացքի վերաբերյալ նույն ձևաչափով հաշվետվություններ ներկայացնելու գործում:

Սույն սեմինարի հիմնական նպատակն էր զարգացնել պատասխանատու կառույցների ներայացուցիչների հմտությունները ԵՀՔ ԳԾ կատարման ընթացքի վերաբերյալ համապատասխան հաշվետվություններ կազմելու և Եվրոպական հանձնաժողովին ներկայացնելու պահանջների  վերաբերյալ: Սեմինարի ընթացքում կներկայացվեն (1) Ստույգ հաշվետվություններ կազմելու վերաբերյալ ընդհանուր խորհուրդներ, (2) Եվրոպական հանձնաժողովին ներկայացվող հաշվետվությունների առաձնահատկությունները, (3) ԵՀՔ-ԳԾ կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվություններ կազմելու հիմնադրույթները, (4) էլեկտրոնային մոնիտորինգի հայեցակարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև ԵՀՔ 2009-2011թթ. ԳԾ շրջանակներում նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման համակարգը, (5) էլեկտրոնային մոնիտորինգի համակարգը' տվյալների մուտքագրման գործնական օրինակներով:

Այս սեմինարի մի մասը նվիրված էր գործնական վարժություններին՝ ըստ ԵՀՔ  ԳԾ կատարման ընթացքի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովին ներկայացված հաշվետվությունների քննադատական վերլուծության և դրանցում ՀՀ պետական կառավարման մարմինների ներդրման: Ներկայացվեցին նաև ՀՀ-ԵՄ ԵՀՔ ԳԾ շրջանակներում 2009-2011թթ. նախատեսված առաջընթացի վերաբերյալ հաշվետվությունների և էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի հիմնական սկզբունքները, և  կիրառման ուղենիշները: Կազմակերպվեց «Սովորենք կատարելով» գործնական սեմինարը:

Սեմինարը կազմակերպված էր Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) ԳԾ իրականացմամբ զբաղվող պետական կառավարման մարմինների՝ մասնավորապես եվրոպական ինտեգրման հարցերով պատասխանատու պաշտոնյաների համար: AEPLAC-ի փորձագետ, Սոցիալական, իրավական և տնտեսական եվրոպական ծրագրեր (ESTEP) խորհրդատվական ընկերության խորհրդի ղեկավար պրն. Կլաուդիյուս Մանիոկասը ներկայացրեց զեկույցների կազմման և ներկայացման համար անհրաժեշտ հմտությունների վերաբերյալ հատվածը: Էլեկտրոնային մոնիտորինգի համակարգը կներկայացվի ԵՄ խորհրդատվական խմբի փորձագետների կողմից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՈՐԱԿԸ

2009թ. հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ «Պահանջարկահեն որակի ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանում» խորագրով սեմինար, որը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկով, կազմակերպվել էր Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի, ԵՄ Խորհրդատվական խմբի և Գերմանիայի չափագիտության ինստիտուտի հետ համատեղ:

Դասընթացի հիմնական նպատակն էր լսարանի շրջանում ձևավորել ամբողջական պատկերացում անհրաժեշտ բարեփոխումների մասին վերոնշյալ համաձայնագրի կիրարկման նպատակով: Այն վարեցին Գերմանիայի չափագիտության ազգային ինստիտուտի տեխնիկական համագործակցության ծրագրի համակարգող Մորից Ակկերմանը և նույն ինստիտուտի խորհրդատու Կարլ Քրիստիան Գյոտները Սեմինարը անդրադարձավ Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան որակի ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտությանը, ինչպես նաև ապրանքների հավատարմագրմանը, ստանդարտացմանը, չափագիտական ու տեխնիկական համապատասխանեցումներին:

Մասնակիցների թվում էին պետական կառույցների առանքային դերակատարներ (ՀՀ էկոնոմիկայի, գյուղատնտեսության, առողջապահության, և բնապահպանության նախարարություններ), Հայաստանի որակի ենթակառուցվածքների առաջատար մասնագետներ, ներկայացուցիչներ փորձարկման լաբորատորիաներից, ձեռնարկություններից, առևտրի պալատներից և ակադեմիական շրջանակներից: Սեմինարին մասնակցեցին նաև ներկայացուցիչներ միջազգային դոնոր կազմակերպություններից (Համաշխարհային բանկ, Եվրահանձնաժողով, Գերմանական տեխնիկական համագործակցություն, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն և այլն): 

 

AEPLAC-ը նախաձեռնում է բարձր մակարդակի սեմինար «ԵՄ հետ ինտեգրման քաղաքական և տնտեսական հետևանքները. Հայաստանի հնարավորություններն ու մարտահրավերները» խորագրով

Սեպտեմբերի 14-ին Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ Խորհրդատվական Խմբի հետ համատեղ կազմակերպեց բարձր մակարդակի սեմինար «ԵՄ հետ ինտեգրման քաղաքական և տնտեսական հետևանքները. Հայաստանի հնարավորություններն ու մարտահրավերները» խորագրով: Սեմինարը ԵՄ ԱԳ շրջնակներում Հայաստանի հեռանկարների ուրվագծման վերաբերյալ նախատեսվող միջոցառումների շարքից առաջինն էր: Սեմինարի նպատակն էր ներկայացնել առավել ընդարձակ տնտեսական համագործակցության ու հետագայում հնարավոր Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի տեսլականը: Հանդիպմանը մասնակցեցին բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես՝ պետական մարմիններում որոշում կայացնողներ, ովքեր ազատ առևտրի շուրջ բանակցություններին մասնակցնելու հավանական թեկնածուներն են և գործընթացի անմիջական կազմակերպիչները: Լսարանը ներառում էր նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Սեմինարի ընթացքում քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերություների խորացման հորիզոնները և  մասնավորապես՝ համագործակցության չորս գերակա ոլորտներից՝ տնտեսական ինտեգրման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ զարգացումները: Բանախոսները վերլուծության ենթարկեցին Հայաստանի և Եվրամիության միջև ընդլայնված առևտրի առավելություններն ու մարտահրվերները, որոնց բախվում են Հայաստանի կառավարությունն ու բիզնես համայնքը՝ ի կատար ածելով ԵՄ առջև ստանձնած պարտավորությունները:

Առաջիկա երկու տարիների ընթացքում AEPLAC-ը նախատեսում է կազմակերպել ևս 4 նմանատիպ բարձր մակարդակի միջոցառում Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում: