AEPLAC V ՓՈՒԼ

Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի 5-րդ փուլի ծրագիրը գործառնում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակներում, որոնք 1999 թ-ից կարգավորվում են Գործընկերության և համագործակցության համաձայնագրով (ԳՀՀ): Վերջին տարիներին ԳՀՀ պայմանադիր իրավահարաբերություն-ների շրջանակը հարստացվել է  Եվրոպական հարևանության քաղաքականությամբ (ԵՀՔ) և Արևելյան գործընկերություն (ԱԳ) նախաձեռնությամբ: 

AEPLAC-ի 5-րդ փուլի ընթացքում կենտրոնի ջանքերն ուղղված կլինեն ԵՄ և Հայաստանի միջև կնքված ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման մեջ ներգրավված հայաստանյան կառույցների կարողությունների զարգացմանը: AEPLAC-ը V-ը կխթանի նաև հասարակության շրջանում Եվրոպական միության և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի լուսաբանումը' համագործակցելով Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի հետ:

Դասընթացներ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ս.թ. փետրվարի 4-6-ը Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC), Աջակցություն կառավարման և ղեկավարման բարելավմանը (SIGMA) և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) հետ համատեղ ջանքերով' ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի հետ համագործակցաբար կազմակերպեց ներածական դասընթաց հակակոռուպցիոն հարցերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ներկայացված աշխատակիցների, դասընթացավարների և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի աշխատակիցների ու մաքսային ծառայողների համար:

Դասընթացի նպատակն էր զարգացնել հակակոռուպցիոն հարցերով հայաստանյան ապագա դասընթացավարների գիտելիքները և ամուր հիմք ապահովել Հայաստանում հակակոռուպցիոն հարցերի վերաբերյալ դասընթացների իրականացման համար: Ծրագիրն ընդհանուր գիտելիքներ տրամադրեց ոլորտում միջազգային և ԵՄ փոխառելի փորձի վերաբերյալ: Միջազգային փորձի վրա հիմնվելով' քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակն ու առկա կարիքները և մշակվել է հայաստանյան միջավայրին հարմարեցված հակակոռուպցիոն հարցերով դասընթացի ծրագիր, որն արդյունք է ԵՄ և հայաստանյան դասընթացավարների համատեղ աշխատանքի:

Դասընթացը իրականացրեց հետևյալ գործառույթները'

¨        Ներկայացնել կոռուպցիայի բնութագիրը, ինչպես նաև  կոռուպցիայի սահմանման ու դասակարգման, կոռուպցիայի դրսևորումների պատճառների և որոշիչների, կոռուպցիայի հետևանքների և դրանով պայմանավորված հավելյալ ծախսերի հետ կապված հիմնական խնդիրները;

¨        Ուրվագծել կոռուպցիայի դեմ պայքարի եռասյուն մոտեցումը և կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում որոշել կանխարգելման կարևորությունը;

¨        Բացահայտել «կոռուպցիայի ախտորոշման» բարդությունը' կոռուպցիայի, նրա պատճառների և հետևանքների չափման բոլոր դժվարությունների հետ մեկտեղ;

¨        Ներկայացնել ազնվության և անաչառության բնութագիրը և քննարկել ազնվությունն ու անաչառությունը հակակոռուպցիոն համատեքստում;

¨        Ներկայացնել կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային իրավական գործիքները

¨        Ներկայացնել հակակոռուպցիոն և ազնվության ու անաչառության մթնոլորտի ձևավորմանն ուղղված ռազմավարությունները, ինչպես նաև ազնվության ու անաչառության կառավարման ընտրված գործիքները (շահերի բախման կարգավորումը, վարքականոնները);

¨        Զարգացնել դասընթացավարների համար նախատեսված դասընթացի վարման և ներկայացման հմտությունները;

¨        Հստակեցնել դասընթացի հնարավոր թիրախ խմբի և տարբեր խմբերի առանձնահատուկ կարիքները;

¨        Քննարկել քաղաքացիական ծառայողների և այլ խմբերի համար կազմակերպվող դասընթացների ընթացքում կիրառվող ամենահարմար մեթոդները;

¨        Մշակել ծրագիր հետագա դասընթացների համար և վերլուծել այն, ինչպես նաև ընդհանուր հայտարարի գալ Հայաստանի կարիքներից բխող ծրագրի հարցում;

¨        Հայաստանյան դասընթացավարների հետ համաձայնություն ձեռք բերել հետագա դասընթացների նյութերի մշակման և վարման վերաբերյալ աշխատանքի բաժանման հարցում:

 

Ծրագիրը կրում էր մասնակցային բնույթ և դասընթացավարներից պահանջում էր լիարժեք նվիրում: Դասախոսությունը ուղեկցվեց ներկաների ներկայացումներով, որը հնարավորություն տվեց զուգահեռներ անցկացնել ձեռք բերված գիտելիքների և հայաստանյան իրավիճակի միջև:

Դասընթացի ծրագիրը մշակվել էր ԵՄ և հայաստանյան դասընթացավարների համատեղ ջանքերով: Միջազգային և ԵՄ փորձը ներկայացնելու նպատակով ի մի էին բերվել հակակոռուպցիոն հարցերով ընդարձակ և տարբերակված փորձ ունեցող ԵՄ փորձագետներ:

 

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 18-19-ը Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) խորհրդատվական խմբի հետ համագործակցաբար կազմակերպեց «Ինչպե°ս կարգավորել եվրոպական հարցերը գործնականում» թեմայով դասըթնաց: Դասընթացին մասնակցեցին կառավարական մարմինների այն հիմնական աշխատակիցները, որոնց աշխատանքն առնչվում է ԵՄ հետ համագործակցությանը, մասնավորապես' Twinning (Վարչական և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման), TAIEX (Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք) և օժանդակության այլ գործիքների շրջանակներում: Դասընթացը տեղի ունեցավ Ծաղկաձորի Մուլտի ռեստ հաուս հյուրանոցում:

Դասընթացի հիմնական նպատակն էր Եվրամիության քաղաքականության մշակման, իրագործման և, մասնավորապես, եվրաինտեգրման գործընթացի Հայաստանի վրա ազդեցության մասին խորացված պատկերացման ստեղծումը:

Գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում Արևելյան Եվրոպայի երկրների համար առավել կարևորվում են քաղաքական և տնտեսական նոր հեռանկարները, որոնք արդյունք են Եվրամիության առաջարկած գործընկերության նոր շրջանակի' Արևելյան գործընկերության նախաձեռնության հնարավորության:

Եվրաինտեգրումից շահելու համար հարկավոր է խորացված գիտելիքներ ձեռք բերել Եվրամիության  նպատակների, նրա հաստատությունների, ԵՄ իրավական համակարգի, հիմնական քաղաքականությունների և Արևելյան գործընկերներին առաջարկվող համագործակցության հնարավորությունների մասին: Նշված գիտելիքները մեծ ազդեցություն կունենան պետական մակարդակով եվրաինտեգրման գործընթացի արդյունավետ կարգավորման վրա:

Դասընթացը, որը երկրորդն էր նախատեսվող դասընթացների շարքում, անհրաժեշտ գիտելիքներ տրամադրեց պետական մարմինների վերոնշյալ աշխատակիցներին: Այս անգամ թիրախ խումբը կազմված է այն մասնագետներից, ովքեր պլանավորում, կազմակերպում և իրականացնում են Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո գործող Twinning, TAIEX և այլ գործիքները:

 

ՀԵՏԲԱՑԹՈՂՈՒՄԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նոյեմբերի 2-11-ը ներառյալ Հայաստանում Եվրամիության Խորհրդատվական խումբը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Քաղաքական ու իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) հետ համատեղ անցկացրել է 8-օրյա ուսումնական դասընթաց մաքսային ծառայողների համար, որոնք պատասխանատու են ներմուծողների տարածք հետբացթողումային ստուգման նպատակով այցելությունների համար:

Այս դասընթացն առաջինն է ՀԲՍ միավորված ուսումնական վերապատրաստումների շարքում, որոնք Եվրամիության Խորհրդատվական խումբն անցկացնելու է Հայաստանի մաքսային ծառայության համար հետագա 18 ամսվա ընթացքում: Դասընթացը տեղի է ունեցել Երևանում, Արարատյան տարածաշրջանային մաքսատանը: Նոյեմբերի 11-ին փակման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ պ. Արտակ Շաբոյանը և Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ԵՀՔ, գործառնությունների և մամուլի բաժնի ղեկավար պ. Ուֆֆե Յենսենը:          

Դասընթացը հիմնված էր եվրոպական լավագույն պրակտիկայի վրա: Դասընթացի ընթացքում'

 ա) մասնակիցները ծանոթացել են ՀԲՍ հսկողությունների ժամանակ կիրառվող հիմնական   մեթոդաբանությանը,  այդ թվում' տնտեսվարողի ընտրությանը, այցելությունների/ստուգման պլանավորմանը, տնտեսվարողների մոտ ստուգման այցերի և այցին հաջորդող գործողությունների իրականացմանը,  

բ) մասնակիցներին բացատրել են, թե ինչպես կարող են մաքսային ռիսկերի կառավարման գործառույթները կիրառվել այս աշխատանքներում և աջակցել դրանց,    

գ)  մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել ուսումնասիրել, թե ինչպես կարող են վերանայվել Հայաստանի մաքսային ծառայությունում գործող մեթոդները նկարագրված ՀԲՍ մեթոդների շրջանակներում:

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԿԲԱՐԵԼԱՎԵՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոկտեմբերի 16-17-ը Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խումբը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի հետ համատեղ կազմակերպեց «Ազնվության ու անկաշառության ռիսկի գնահատման և կառավարման» խորագրով երկօրյա դասընթաց մաքսային ոլորտի ղեկավարների համար:

Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի 4-րդ գերակա ոլորտի շրջանակներում սահմանված են կոռուպցիոն ռիսկերի կրճատմանն ուղղված մի շարք միջոցառումներ' հարկային համակարգի միասնականության և վստահելիության բարելավման միջոցով: Այն նախատեսում է նաև հարկային ու մաքսային մարմինների ղեկավար անձնակազմի կարողությունների զարգացում' գործարար միջավայրի բարելավման ընդհանուր համատեքստում:

Դասընթացն ուղղված էր մաքսային ոլորտի ղեկավարների գիտելիքների ու հմտությունների խթանմանը' լավ կառավարման սկզբունքների, կոռուպցիայի կանխարգելման և իրենց վերապահված ոլորտներում կառավարման ռիսկերի նվազեցման նպատակով: Ուսուցումը ուղեկցվեց մասնակցային մեթոդների կիառմամբ' հիմնված հատկապես անցումային շրջանը հաջողությամբ հաղթահարած կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների փորձի վրա: 

 

ԴԱՍԸՆԹԱՑ «ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ

Սեպտեմբերի 11-12-ը Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) և ՄԶՄԿ հկ-ն, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ԵՄ Խորհրդատվական Խմբի հետ համատեղ կազմակերպեց վերապատրաստման դասընթաց Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի կազմակերպմամբ զբաղվող պետական կառույցների աշխատակիցների համար՝ «Ինչպե՞ս կարգավորել եվրոպական հարցերը գործնականում» խորագրով: Դասընթացի հիմնական նպատակն էր Եվրամիության քաղաքականության մշակման, իրագործման և, մասնավորապես, եվրաինտեգրման գործընթացի՝ Հայաստանի վրա ազդեցության մասին խորացված գիտելիքների տրամադրումը:

Դասընթացի մասնակցեցին պետական մարմինների (ՀՀ նախագահի աշխատակազմ, կառավարության աշխատակազմ, էկոնոմիկայի, ֆինանսների, արտաքին գործերի, արդարադատության նախարարություններ, ազգային ժողով) այն հիմնական աշխատակիցները, որոնց աշխատանքը առնչվում է եվրաինտեգրման գործընթացի կարգավորման հետ: Դասընթացը հիմնականում վարեցին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հայաստանյան փորձագետները, առանցքային հարցերի շուրջ ամբիոնը զիջելով AEPLAC-ի և ԵՄ խորհրդավական խմբի փորձագետներին:

Այս դասընթացով մեկնարկում է AEPLAC-ի՝ ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի իրականացման մեջ ներգրավված պետական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար կազմակերպվող ԵՄ վերաբերյալ աբողջական դասընթացների ծրագիրը: