AEPLAC V ՓՈՒԼ

Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի 5-րդ փուլի ծրագիրը գործառնում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակներում, որոնք 1999 թ-ից կարգավորվում են Գործընկերության և համագործակցության համաձայնագրով (ԳՀՀ): Վերջին տարիներին ԳՀՀ պայմանադիր իրավահարաբերություն-ների շրջանակը հարստացվել է  Եվրոպական հարևանության քաղաքականությամբ (ԵՀՔ) և Արևելյան գործընկերություն (ԱԳ) նախաձեռնությամբ: 

AEPLAC-ի 5-րդ փուլի ընթացքում կենտրոնի ջանքերն ուղղված կլինեն ԵՄ և Հայաստանի միջև կնքված ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման մեջ ներգրավված հայաստանյան կառույցների կարողությունների զարգացմանը: AEPLAC-ը V-ը կխթանի նաև հասարակության շրջանում Եվրոպական միության և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի լուսաբանումը' համագործակցելով Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի հետ:

Նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԵՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Ներածություն

Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի ընդլայնումը կապված է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում հաստատված Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի իրականացման հետ: 2009թ. մայիսի 9-ին ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության մեկնարկով Հայաստանը վճռականություն է դրսևորում' այս գործընթացից քաղելու բոլոր հնարավոր օգուտները' քաղաքական միավորում (ասոցիացիա) ԵՄ հետ, Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր և Եվրոպական միության երկրներով շրջագայելու հնարավորություն արտոնագրային ռեժիմի պարզեցման շնորհիվ: Վերոնշյալ նպատակների իրագործումը, այնուամենայնիվ, կախված է ԵՄ չափանիշներին համապատասխան ներքին խորքային բարեփոխումների իրականացումից:

Եվրոպական ինտեգրման հարցում առաջխաղացումը, ի թիվս այլոց, պայմանավորված է Եվրամիության, նրա կառուցվածքային տարրերի և օրենսդրության վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակից, ինչպես նաև գործընթացի նկատմամբ քաղաքացիների կարծիքից: Վերոնշյալ խնդրի պարզումն էլ հանդիսանում էր ՄԶՄԿ հետ համատեղ AEPLAC-ի նախաձեռնած և Երևանի բնակիչների շրջանում իրականացված հետազոտության նպատակը: Հանրային իրազեկման մակարդակի որոշումից զատ, հետազոտությունը ներկայացնում է ԵՄ հետ կապված տարբեր հարցերի շուրջ հանրության կարծիքի փոփոխությունը նախկինում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա' ներառյալ AEPLAC-ի (2007թ.) և ԵՄ-ի (Eurobarometer 69 - 2008թ.) կողմից իրականացված հետազոտությունները:

Հետազոտությունը բաժանված է երեք հիմնական ոլորտների'

1)    Եվրամիության, ԵՄ կառույցների և ԵՄ-Հայաստան փոխհարաբերությունների վերաբերյալ բնակչության իրազեկվածություն;

2)    Հանրության տրամադրվածությունը եվրոպական ինտեգրման գործընթացի հանդեպ, նրանց ակնկալիքներ և մտավախություններ;

3)    Հանրային կարծիք ձևավորող հիմնական տեղեկատվական աղբյուրներ:

Հետազոտությունն իրականացվել է հոկտեմբերի 9-ից 23-ը ընկած ժամանակահատվածում Երևանի բոլոր վարչական շրջաններում' 750 հարցվողների բնակարաններում, դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով:

Հետազոտության արդյունքում ստացված տվյալները հիմք կծառայեն Հայաստանի եվրոպական ինտեգրման տեղեկատվական և հաղորդակցական ռազմավարության մշակման և իրականացման համար:

Հետազոտության արդյունքների հակիրճ նկարագրություն

Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից 2009թ. հոկտեմբերին Երևանի բնակչության շրջանում իրականացված եվրոպական ինտեգրման վերաբերյալ իրազեկության հետազոտության արդյունքները հետևյալն են:

 

  • Ընդհանուր առմամբ, եվրոպական ինտեգրման գաղափարը վայելում է լայն հասարակության աջակցությունը: Հարցվածները համոզված են, որ Հայաստանը միանշանակ կշահի ԵՄ-Հայաստան համագործակցությունից: Երևանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը (86.3%) կարծում է, որ Հայաստանը պետք է ինտեգրվի Երվրոպական համայնքին: Եվրոպական կառույցների նկատմամբ քաղաքացիների վստահելիության աստիճանը բավական բարձր է (43%-ը հակված է վստահելու, իսկ 33%-ը հակված չէ վստահելու եվրոպական կառույցներին), ավելին, այն միջինում 2.5 անգամ բարձր է, քան ՀՀ պետական կառույցներին տրված վստահելիության աստիճանը:

 

  • Հարցվածների ճնշող մեծամասնությունը (75% և ավելի) Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության նախաձեռնության մեջ ներառված բոլոր ոլորտները (աջակցություն ԼՂՀ հակամարտության կարգավորմանը, տնտեսական զարգացում, ժողովրդավարական կառույցների զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն, ներդրումային միջավայրի բարելավում, տարածաշրջանային համագործակցություն և այլն) համարում են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության կարևոր ուղղություններ: Ավելին, քաղաքացիների կողմից առանձնացված պետական գերակայությունները և համագործակցության վերոնշյալ ոլորտները նույնական են, ինչը խոսում է գործընթացի նկատմամբ հասարակական աջակցության մասին:

 

  • Տնտեսական զարգացման, կենսամակարդակի աճի և պարզեցված արտոնագրային ռեժիմով Եվրոպական միության երկրներով շրջագայելու հնարավորությունները հարցվածների կողմից ամենահաճախ նշված հնարավորություններն են, որոնք կստեղծվեն եվրոպական ինտեգրման արդյունքում: Համաձայն հարցմանը մասնակցած քաղաքացիների' Եվրոպական հարևանության քաղաքականության մեջ ընդգրկված ամենաառաջնային խնդիրներն են' ԼՂՀ հակամարտության կարգավորումը, տնտեսական զարգացումը և ժողովրդավարական կառույցների զարգացումը: Անհրաժեշտ է նշել, սակայն, որ յուրաքանչյուր երկրորդ հարցվածը, ով կարևորել է ժողովրդավարական կառույցների զարգացման անհրաժեշտությունը, չի հավատում, որ Եվրոպական միության աջակցության շնորհիվ կարելի է հասնել նախաձեռնության հաջողությանը, մինչդեռ ԵՄ միջամտության շնորհիվ ԼՂՀ խնդրի կարգավորումն, ըստ հարցվածների, ունի հաջողելու բավական բարձր հավանականություն (ութ առանձնացված նախաձեռնություններից երկրորդ ամենահավանական տարբերակն է):

 

  • Երևանի բնակչության պարզ մեծամասնությունը (58%) կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանային և եվրոպական ինտեգրման համար նպաստավոր պայմաններ կստեղծի:

 

  • Եվրոպական ինտեգրման վերաբերյալ դրական կարծիքներին զուգահեռ հարցվածների կողմից նշվել է նաև երկու հիմնական մտահոգություն' մշակութային ինքնության հնարավոր կորուստը (նշվել է հարցվածների 21%-ի կողմից), ինչպես նաև կրոնական և սեռական փոքրամասնությունների իրավունքներին տրվող անտեղի մեծ ուշադրությունը, ինչի մասին հիշատակել են հարցվածերի 12%-ը:

 

  • Հետազոտության մեկ այլ եզրակացությունն այն է, որ անհրաժեշտ է ապահովել լայնածավալ հանրային իրազեկում եվրոպական ինտեգրման վերաբերյալ: Հետազոտության մասնակից յուրաքանչյուր տասներորդ հարցվող (9%) հիշատակել է եվրոպական մեկ կամ մեկից ավելի կառույցներ, 13.4%-ը լսել է Արևելյան գործընկերության մասին և շուրջ մեկ քառորդը (25.9%) հավաստիացրել է, որ լսել է Եվրոպական հարևանության քաղաքականության մասին: Եվրոպական միության վերաբերյալ առաջադրված հինգ թեստային հարցերին տրված պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ: 67.3%-ը տվել է առնվազն մեկ ճիշտ պատասխան և միայն 0.8%-ն է ճիշտ պատասխանել բոլոր հինգ հարցերին:

 

  • Սույն հետազոտությունը 2007 թ-ին իրականացված նույնանման հետազոտության արդյունքների համեմատ նշանակալի փոփոխություն է գրանցել հարցվողների ինքնագիտակցության որոշման հարցում: Այն հարցին, թե արդյոք հարցվողները երբևէ անձամբ իրենց դիտարկել են որպես ոչ միայն հայ կամ հայաստանցի, այլև եվրոպացի, 81.4%-ը պատասխանել է, որ իրեն երբեք եվրոպացի չի համարել, այն դեպքում, երբ երկու տարի առաջ միայն 52.6%-ն իրեն երբեք եվրոպացի չէր համարել:

 

  • Երևանի բնակիչներից շատերը (62.8%) ընդհանրապես հետաքրքրված չեն կամ քիչ են հետաքրքրված ԵՄ-ի հետ կապված տեղեկատվությամբ: Այնուամենայնիվ, նրանց նշանակալի հատվածը (36.5%) հետաքրքրված է նման տեղեկատվությամբ:

 

  • Տեղեկատվության առաջնային աղբյուրների հերթականությունը հետևյալն է. հարցվածների գերակշիռ հատվածը (96%) նշել է հեռուստատեսությունը որպես տեղեկատվության առաջնային աղբյուր, համացանցը (ինտերնետ) (օգտագործվում է ամեն չորրորդ հարցվողի կողմից, 26%) և ռադիոն (22%) հաջորդում են հեռուստատեսությանը: Տպագիր մամուլը ամենաքիչ օգտագործվող տեղեկատվական աղբյուրն է (11%): Ամենավստահելի տեղեկատվական աղբյուրն է համացանցը 3.7 վստահելիության գործակցով[1], որին հաջորդում են ռադիոն, ընկերները և բարեկամները, այնուհետև' անկախ և ընդդիմադիր մամուլը: Հեռուստատեսությունն ունի 3 գործակից, ինչը չի կարող համարվել ոչ վստահելի և ոչ էլ անվստահելի աղբյուր: Պաշտոնական տպագիր մամուլը վստահելի չէ և ունի 2.7 վստահելիության գործակից:

 

  • Լրագրողներն ունեն վստահելիության ամենաբարձր ցուցանիշը (50.7%), ինչը նշանակում է, որ ամեն երկրորդ հարցվողը նշել է մեկ կամ մեկից ավելի' իր կողմից վստահություն վայելող տվյալ խումբը: Հարկ է նշել նաև, որ ներկա ցուցանիշը անկում է ապրել չորս տոկոսային կետով' 2007 թ. հետազոտության արդյունքների համեմատ: Գործարար հատվածը զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը (42.5%), որոնց հաջորդում են արվեստագետներն ու մարզիկները: Քաղաքական գործիչները վայելում են բնակչության մեկ երրորդի (32.4%) վստահությունը: Հոգևորականությունը, կրթության և գիտության ոլորտը վայելում են հարցվածների ընդամենը 13%-ի վստահությունը, և միայն 3.7%-ն է նշել մեկ կամ մեկից ավելի հասարակական կազմակերպությունների' որպես վստահելի կարծիք ձևավորողներ:

[1] 1- անվստահություն, 5 - վստահության բարձր աստիճան, 3 - ոչ վստահելի և ոչ էլ անվստահելի

 

Այցելեք այստեղ լիարժեք զեկույցին ծանոթանալու համար:

<< Հետ